Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Հունաստանի, Ռումինիայի վարչապետները

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլան:

«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Ալեքսիս Ցիպրասի շնորհավորական ուղերձում:

Վիորիկա Դանչիլան Նիկոլ Փաշինյանին և նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:

«Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են», - ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում: