Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Իսպանիայի, Չեխիայի վարչապետները

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով: Կարող եք վստահ լինել, պարո՛ն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ», - ասված է Մարիանո Ռախոյի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Անդրեյ Բաբիշն իր ուղերձում գրել է. - «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»: