«Հալածանք, խտրականություն և ֆուտբոլի աշխարհի առաջնություն»

Բանվորները տեղադրում են ֆուտբոլի խաղադաշտի խոտածածքը, Դոնի Ռոստով, 12 մայիսի, 2018թ.

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում ասվում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ին մեկնարկելու է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ամենածանր ճգնաժամի պայմաններում:

ՖԻՖԱ-ն պարտավոր է կիրառել բոլոր լծակները և Ռուսաստանի իշխանություններից պահանջել անհապաղ բարելավել աշխատանքային իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները և դադարեցնել իրավապաշտպաններին հալածելու գործելակերպը:

«Ռուսաստան. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, մարդու իրավունքների ուղեցույց լրագրողների համար» Human Rights Watch-ի այսօր հրապարակած 44-էջանոց փաստաթղթում նշվում են աշխարհի առաջնությանը նախորդող շրջանում Ռուսաստանում գրանցված մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքեր:

«Համաշխարհային մարզական այնպիսի միջոցառում, ինչպիսին ֆուտբոլի առաջնությունն է, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: Մենք հուսով ենք, որ այս ուղեցույցը լրագրողներին կօգնի դիտարկել նաև այն, ինչ ֆուտբոլի դաշտից դուրս է, և ուշադրություն դարձնել Ռուսաստանում առկա մտահոգիչ հանգամանքների վրա»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության փորձագետների, իշխանությունը Ռուսաստանում մշտապես սահմանափակում է ազատ հավաքները և խոսքի ազատությունը, հետապնդում է այլախոհներին, գրաքննության է ենթարկում ոչ միայն ավանդական, այլև առցանց մամուլը:

Զեկույցում նշվում է մեկ օրինակ՝ մայիսի 11-ին ARD գերմանական հանրային հեռարձակող ընկերությունը հայտնել է, որ վետերան մարզական լրագրող Հեյո Սեպելտին չեն տրամադրել մուտքի արտոնագիր առաջնությունը լուսաբանելու համար: Ինչո՞ւ: Սեպելտն ակտիվորեն լուսաբանել է Ռուսաստանի դոպինգային սկանդալը:

«Պարզապես անընդունելի է, երբ լրագրողին զրկում են աշխատելու հնարավորությունից: ՖԻՖԱ-ն պարտավոր է անհապաղ միջամտել և պաշտպանել լրագրողի իրավունքը», - հայտարարել է Ուիլյամսոնը:

2017 թվականին Human Rights Watch-ը հրապարակել է զեկույց Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերը կառուցող բանվորների տարրական իրավունքները ոտնահարելու մասին:

Շինարարների միջազգային միությունը հաղորդել է, որ 2018-ի ապրիլի դրությամբ, ռուսական մարզադաշտերի կառուցման ընթացքում զոհվել է 21 բանվոր:

Եգիպտոսի ազգային հավաքականը մարզվելու է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Չեչնիան, ըստ Human Rights Watch-ի, Ռուսաստանում ամենառեպրեսիվ տարածքն է: Memorial (Հուշամատյան) ռուսական իրավապաշտպան կազմակերպության Չեչնիայի բաժանմունքի տնօրեն Օյուբ Տիտիևին շինծու մեղադրանքով բանտ են նետել:

Ի դեպ, դեռ Սովետում կար այլախոհի գրպանը կանեփ դնելու և նրան թմրադեղի տարածման հոդվածով դատելու էժան գործելակերպը: Տիտիևին կարող են դատապարտել ընդհուպ մինչև 10-ը տարվա ազատազրկման:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բազմիցս հաշվեհարդարով է սպառնացել իրավապաշտպաններին և նրանց անվանել է «ազգի դավաճաններ»: Փետրվարին Human Rights Watch-ը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում անպայման արծարծել չեչեն իրավապաշտպանի հարցը:

2017-ին ՖԻՖԱ-ն որդեգրել է «Մարդու իրավունքների պաշտապանության քաղաքականություն»: «Այնտեղ, որտեղ մարդու իրավունքները վտանգվում են, ՖԻՖԱ-ն կդիմի անհրաժեշտ միջոցների, այդ թվում տվյալ երկրի իշխանության վրա ազդելու լծակին», - ասվում է այդ փաստաթղթում, որին Human Rights Watch-ը հավանություն է տվել:

«ՖԻՖԱ-ն դեռ ունի մարդու իրավունքների հարցում Ռուսաստանի իշխանության վրա ճնշում բանեցնելու ժամանակ: Դա բխում է ֆուտբոլի շահերից: Անհրաժեշտ է ամեն բան անել, որ այս հրաշալի խաղի մրցույթը չանցնի դիսկրիմինացիայի և ճնշումների անճոռնի մթնոլորտում», - հայտարարել է է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: