Ավտոերթ՝ Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանող քաղաքացիներն այսօր կրկին ավտոերթ անցկացրեցին։

Երթը մեկնարկեց առավոտյան՝ քաղաքապետարանի շենքի մոտակայքից, որտեղ ցուցարարները կոչ արեցին ավագանու բոլոր խմբակցություններին հրաժարական տալ և նոր ընտրություններ անցկացնել։

Ակցիայի կազմակերպիչներից Գագիկ Բաղդասարյանը, ով ավագանու նախկին անդամ է, պարզաբանեց՝ Տարոն Մարգարյանը պետք է հեռանա, քանի որ իշխանությունից հեռացել է Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը. - «Մենք ասում ենք՝ տղերք, մեր ձեր հետ հարց չունենք անձնական: Ոչ էլ լուրջ ինչ-որ խնդիրներ ունենք: Մենք լուրջ հարց, խնդիրներ ունենք ձեր քաղաքական հայրերի հետ, որոնք այլևս ոնց որ թե չկան: Հիմա դուք ի՞նչ եք էս ազգից ուզում: Չե՛ք մնալու: Տարբերակ չկա մնալու: Ասում ենք՝ հանգիստ, խաղաղ հեռացեք։ Եվ ո՛չ դա վերաբերում է Տարոնին, Պողոսին կամ Պետրոսին, այլ դա վերաբերում է Հանրապետական կուսակցության բոլոր այն կառավարիչներին, ովքեր այսօր դեռ գտնվում են իշխանական լծակների վրա»։

Քաղաքապետի հրաժարականն առնվազն բարոյական քայլ կլիներ, վստահ է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Նրա համոզմամբ ևս Մարգարյանը պետք է հեռանա իր քաղաքական թիմի հետ միասին. - «Եթե ինքը նույնիսկ լիներ իդեալական քաղաքապետ, ամեն ինչ արած լիներ քաղաքի համար, միևնույն է, իր թիմը գնացել է, իր ամենակարող նախագահը հրաժարական է տվել, և շատ բարոյական կլիներ, եթե բոլորը հերթով խելոք, նամուսով հրաժարական տային, գնային»։

Քաղաքապետի հրաժարականը պահաջող քաղաքացիները նաև նշում են, որ Հանրապետական լինելուց զատ Տարոն Մարգարյանի գլխավորած քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ անօրինականություններով է զբաղվել, իսկ քաղաքի համար արված ծախսերն էլ ուռճացված է ներկայացրել։

«Երկու հատ ծառ են տնկել, ամբողջ որը մեզ երեսով են տալիս՝ տեսեք՝ ինչ սիրուն ա։ Հա, ճիշտ է, նախկինում չկար: Բայց եթե հաշվի առնենք դուք ինչքան փող եք էս կանաչի վրա ծախսել, և երևանցին ինչ ա դրանից ստացել, ոնց որ մի միլիարդ դոլարի մեջ մի կոպեկ փող ծախսես, ու ամբողջ օրը ժողովրդին երեսով տաս: Մի բակում մի հատ բան են կառուցում, տալիս են մի միլիոն դոլար հազար դոլարանոց խաղահրապարակին ու ամբողջ օրը մեզ ձեռ են առնում», - մեկնաբանում է Գագիկ Բաղդասարյանը։

Եռագույն դրոշներով ծածկված ավտոմեքենաները երթով անցան մայրաքաղաքի կենտրոնական, ապա ծայրամասային փողոցներով։ Այն տևեց մոտ երկու ժամ:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չորս օր առաջ արձագանքել էր իր հրաժարականի կոչերին՝ ասելով, որ նման հարց օրակարգում չի քննարկում։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատությանը» հայտնել էին, որ քաղաքի կառավարման թիմը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները՝ ապահովել քաղաքային տնտեսության անխափան կենսագործունեությունը: