Թրամփ-Միրզիոև հանդիպումից առաջ Ուզբեկստանում հերթական քաղբանտարկյալն է ազատ արձակվել

Բանտ Ուզբեկստանում, արխիվ

Ուզբեկստանի իշխանությունները հերթական քաղբանտարկյալին են ազատ արձակել: Մայիսի 12-ին Ալմալիկ քաղաքում գտնվող կալանավայրից ազատ է արձակվել ընդդիմադիր «Էրկ» կուսակցության ակտիվիստ, իրավապաշտպան Ֆահրիդին Տիլաևը:

Ընդդիմադիր ակտիվիստը բանտում էր գտնվում 2014 թվականից ի վեր` թրաֆիքինգի մեղադրանքով: Ըստ Fergana գործակալության, Տիլաևի դեմ քրեական գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ նա փորձել էր Ուզբեկստանում անկախ արհմիություն ստեղծել:

Ընդդիմադիր ակտիվիստի ազատ արձակումը տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի՝ ԱՄՆ պաշտոնական առաջին այցի մեկնարկից հաշված օրեր առաջ: Մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալու է Միրզիոևի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: