Երուսաղեմում «ԱՄՆ դեսպանատուն» գրությամբ ցուցանակներ են տեղադրվել

Իսրայել - «ԱՄՆ դեսպանատուն» գրությամբ ցուցանակ Երուսաղեմում, 7-ը մայիսի, 2018թ․

Երուսաղեմում այսօր առնվազն երեք փողոցային ցուցանակներ են տեղադրվել, որոնց վրա նշված է` «ԱՄՆ դեսպանատուն»: Reuters-ի տեղեկություններով՝ անգլերեն, եբրայերեն և արաբերեն այս ցուցանակները քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից տեղադրվել են դեպի ԱՄՆ հյուպատոսարան տանող հիմնական փողոցներում:

Ակնկալվում է, որ մայիսի 14-ին տեղի կունենա Երուսաղեմում Միացյալ Նահանգների դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Դեսպանությունը գործելու է ամերիկյան հյուպատոսարանի տարածքում:

Սկզբնական շրջանում, հաշվի առնելով հյուպատոսարանի տարածքի սահմանափակ բնույթը, Երուսաղեմում կաշխատեն միայն Իսրայելում ԱՄՆ դեսպանը և նրա ենթականերից մի քանիսը: Մինչև Երուսաղեմում նոր դեսպանատան շինարարության ավարտը Իսրայելում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել Թել Ավիվում գործող դեսպանատան աշխատակազմը:

Ամերիկյան դեսպանատան վերատեղակայման և Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրել է 2017 թվականի դեկտեմբերին: