ՀՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հրավիրում է իրենց խմբակցություն՝ հանդիպման

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով իրենց խմբակցություն՝ հանդիպման:

«Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ» վերնագրված գրառման մեջ Ֆարմանյանը գրում է․ - «Իմ շա՜տ սիրելիներ, հարյուրավոր նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստացել՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Իսկապես շոյված եմ. տարիների աշխատանքն ու պահվածքն իրենն արել են՝ շատ-շատերը, անգամ այս իրավիճակում, անաչառորեն գնահատում ու արձանագրում են արածդ, ասածդ ու տարիների պահվածքդ: Անկեղծորեն շնորհակալ եմ: Սակայն այսօր պահը չէ անգամ վերլուծելու ու հասկանալու այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հնարավոր դարձրեցին այն, ինչ կա այսօր՝ մի կողմից 1988-ը հիշեցնող համազգային զարթոնք, մյուս կողմից՝ օդում կախված ծանր մտահոգություններ ու բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները չեն կարող չտրվել՝ այսօր թե վաղը»:

«Մայիսի մեկին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «թռնի»: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ա՜խր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից: Դադարեցրե՛ք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո՛ն Փաշինյան»:

«ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում ԱԺ-ում են լինում, դադարեցրե՛ք այն, ինչ արվում է և Ձեր ոճով՝ «բարձրացված ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու՝ պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու», - գրում է ՀՀԿ-ական պատգամավորը:

«Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկե՛ք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկե՛ք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկե՛ք առանց վուվուզելների, եկե՛ք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե՛ք: Խաղաղությամբ՝ Սամվել», - իր գրառումը ամփոփում է Սամվել Ֆարմանյանը:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: Խորհրդարանը նոր վարչապետ է ընտրելու մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում կոչ է անում ճնշում գործադրել խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորների վրա, որպեսզի նրանք ձայն տան «ժողովրդի»՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին: