Նախագահի հրավիրած քննարկումների մասնակիցները «համակարծիք են, որ հարցերը կարող են լուծվել ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններով»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանում, արխիվ

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները, հայտնում է նախագահի աշխատակազմը:

«Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Նիկոլ Փաշինյան - Կարեն Կարապետյան բանակցությունների չեղարկումից հետո նախագահին խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով դիմել էր վարչապետի պաշտոնակատարը:

«Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- հայտարարել էր Կարապետյանը: