Լավրովը չի հերքում, որ Մոսկվան զգուշացվել է Սիրիային հասցվելիք հարվածների մասին

Սերգեյ Լավրով, արխիվ

BBC-ի Hard Talk ծրագրին ապրիլի 16-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի հերքել լուրերը, թե Ռուսաստանը նախապես զգուշացված է եղել Սիրիայի վերահաս հրթիռակոծման մասին, ավելին՝ Մոկվան, իր հերթին, հավաստիացրել է, որ իր կողմից պատասխան հարված չի լինի:

Այս մասին տրված ուղիղ հարցին Լավրովը պատասխանել է. «Կգերադասեի չխորանալ մեր զինվորականների միջև աշխատանքային շփումների մանրամասների մեջ»: Ծավալուն հարցազրույցում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է՝ չի կարծում, թե իրավիճակն այնքան է սրվել, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության վտանգ է առաջացել: Լավրովի մեկնությամբ՝ նման իրավիճակ ստեղծել են արևմտյան գործընկերները, որոնք իրենց «ծայրահեղ անպատասխանատու» կերպով են դրսևորել:

«Նրանք Սիրիայի իշխանություններին մեղադրել են խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ, միաժամանակ, մեզ մեղադրելով Սիրիայի կառավարության դաշնակիցը լինելու մեջ»,- Hard Talk -ի հետ հարցազրույցում ասել է Լավրովն ու հավելել․ «Մենք կորցրել ենք մեր արևմտյան ընկերների հանդեպ վստահության վերջին մնացորդները:

Լրագրողի հարցին՝ դուք ի՞նչ եք մտածում, երբ առավոտյան արթնանում եք ու «Թվիթերում» կարդում, որ ԱՄՆ-ի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը, փաստորեն, սպառնում է ձեզ՝ գրելով. «Պատրաստվիր Ռուսաստան, հիմա կգան մեր լավ, նոր, խեացի հրթիռները», Լավրովը պատասխանել է. «Ես մտածում եմ, որ ԱՄՆ-ի նախագահը ինչ-որ բան է գրել «Թվիթերում»»: «Մենք որոշեցինք տեսնել թե այդ նոր, խելացի, լավ հրթիռներն ինչպես են իրենց դրսևորում հարվածի պահին: Մեր հաշվարկներով՝ այդ հրթիռների երկու երրորդը թիրախներին չի հասել, քանի որ հաջողությամբ ոչնչացվել է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը ևս մեկ անգամ պնդել է, որ Սիրիայի Դումա բնակավայրի վրա ենթադրյալ քիմիական հարձակումը բեմականացում էր: Նրա խոսքով՝ «որևէ քիմիական զենք չի կիրառվել»: «Ո՞րն է Ռուսաստանի վերջնական նպատակը Սիրիայում» հարցին Լավրովը պատասխանել է. «Մեր նպատակն է՝ պաշտպանել Սիրիայի Արաբական Հանրապետությունն ագրեսիայից, որը սկսվել է ապրիլի 14-ին և որը, ինչպես հայտարարում են այդ երեք երկրները, մտադիր են շարունակել»: Լավրովը դարձյալ հերքել է Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների այսօրվա վիճակը Լավրովը բնութագրել է որպես «ավելի վատ», քան «սառը պատերազմի ժամանակ էր»: «Այն ժամանակ շփումներ կային ու չկար այսպիսի հիստերիկ ռուսաֆոբիա: Այսօր մենք տեսնում ենք, այսպես կոչված, ցեղասպանություն՝ պատժամիջոցների միջոցով»,- BBC-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարարը: