Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շաբաթ օրը այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Վեհափառն իր շնորհավորանքներն է հղել նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը լավագույնս պիտի ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում, հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:
Գարեգին երկրորդը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:
Վեհափառ հայրապետը Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորել է եկեղեցու համախմբող դերակատարությունը:
Վեհափառը և նախագահը խոսել են նաև զանազան ծրագրերի մասին։ Հանդիպման վերջում նրանք այցելել են Մայր Տաճար: