Փորձագետներ․ Անցած տասնամյակի ընթացքում կրթության որակն անկում է ապրել

Փորձագետներ Լուսինե Խառատյանը և Սերոբ Խաչատրյանը:

Ամփոփելով Սերժ Սարգսյանի 10 տարվա նախագահության շրջանում կրթության վիճակը՝ ոլորտի փորձագետները պնդում են, որ այդ տասնամյակի ընթացքում կրթությունը է՛լ ավելի է արժեզրկվել, սովորելու ցանկությունը՝ նվազել, կրթության որակն անկում է ապրել:

Մինչդեռ 10-ամյակի համար իշխանությունը մեծ սպասումներ էր ձևավորել, որոնք այդպես էլ չիրականացան։

Փորձագետներն էական հետընթաց են նկատում հատկապես դպրոցներում։ Եթե 2008 թվականին հայաստանյան դպրոցներում սովորում էր շուրջ 415 հազար աշակերտ, ապա 2018-ին այդ թիվը նվազել է՝ դառնալով մոտ 368 հազար:

«Շիրակի մարզը կոլապսի մեջ է: 2008 թվականին Շիրակում եղել ա 40 հազար աշակերտ, այսօր ունենք 30 հազար աշակերտ: Վայոց ձորում 8 հազարից իջել է 2 հազար աշակերտ: Իրավիճակը շատ ծանր է նաև Լոռիում: Օրինակ, այսօր այլևս Շիրակն ու Լոռին աշակերտների թվով Հայաստանում զիջում են Կոտայքին, Արմավիրին, Արարատին: Սյունիքը էլի ծանր վիճակում է», - ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Մեկ այլ խնդիր է, նրա խոսքով, երիտասարդ մանկավարժներին աշխատանքով ապահովելը: 2008 թվականին 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը եղել է 800, իսկ այսօր նրանց թիվը 2000 է․ ֊ «Քանի որ աշակերտների թիվը նվազել է, նոր ուսուցիչներ վերցնելու անհրաժեշտություն առանձնապես մեծ չկա, հենց այնպես դպրոցում աշխատանք ստանալը գիտենք, որ գրեթե անհնար է: Կան առանձին դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, կան նաև կոռուպցիոն երևույթներ աշխատանքի ընդունվելու հետ կապված: Միգուցե կան մարդիկ, որոնք ասում են՝ ինչի՞ փող տամ, ընդունվեմ, հետո շարունակեմ ցածր աշխատավարձ ստանալ»:

Փորձագետները նկատում են, որ վերջին 10 տարիների ընթացքում կրթության համակարգին հասցված ամենածանր վնասը եղել է դպրոցների կուսակցականացումը:

«Ինչի՞ց է խոսում մարզպետը դպրոցի տնօրենի հետ: Ինչպե՞ս է վերաբերվում դպրոցի տնօրենը ուսուցիչներին: Ինչպե՞ս են ուսուցիչները վերաբերվում աշակերտներին: Նրանց միջև փողային հարցեր կա՞ն, թե՞ չկան․․․ Ինչի՞ց են խոսում․ կրթության որակի՞ց են խոսում, թե, ասենք, ոչ-լեգալ հարցերից են խոսում: Սրանք ենք կարևոր բաները՝ եթե ուզում եք կրթությունը զարգացնեք: Ու էս կուսակցականությունը բերում է նրան, որ արդեն կադրային ընտրության ժամանակ կարևորվում է քո կուսակցականությունը: Մարդիկ զրկվում են ազատությունից, համակարգը հայտնվում է պատանդի կարգավիճակում», - նշեց Խաչատրյանը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը կարծիքով, դպրոցականների մոտ առաջադիմության նվազում նկատվում է հատկապես ավագ դպրոցում, որը Հայաստանում արդարացված համակարգ չէ․ - «Ավագ դպրոցում երեխաները փաստորեն կրկնում են այն ամենը, ինչ պիտի որ անցած լինեին ուսումնառության տարիների ընթացքում, և երեխաների մոտ կտրուկ նվազում է սովորելու մոտիվացիան: Այս մասին վկայում են հենց դպրոցում աշխատող ուսուցիչները․ քանի որ իրենց սկսում են պարապել կոնկրետ առարկաներ բուհ ընդունվելու համար, իրենք հաճախ կենտրոնանում են միայն այդ առարկաների վրա, և այլ բան սովորելու մոտիվացիա ընդհանրապես չունեն»:

Անդրադառնալով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը՝ բանախոսներն ասացին:

Լուսինե Խառատյան․ - «Բոլոր քաղաքացիներն էլ պետք է կարողանան արտակարգ իրավիճակներում կողմորոշվել և պատերազմի դեպքում էլ պետք է իմանան, թե իրենց առաջնային անելիքները որոնք են: Ոչ ոք հարցականի տակ չի դնում, որ կա նման մարտահրավեր, և որ պետությունը պետք է համապատասխան լուծումներ առաջարկի: Սակայն այն ձևը, որով փորձում են այսօր այդ հարցը լուծել՝ դա է անընդունելի: Դա ավելի գաղափարականացնում է ոլորտը, ինչ-որ պաթետիկ, հայրենասիրական կոչերի միջոցով փորձում են երեխաներին դարձնել ավելի հայրենասեր այն դեպքում, երբ իրականում շատ ավելի պրակտիկ հմտություններ են պետք, և կոնկրետ ծրագրի միջոցով կարելի է ասել՝ այս ու այս հմտությունները պետք է ունենա երեխան այս դասընթացին մասնակցելուց հետո»:

Կրթության փորձագետները լավատես չեն ոլորտում ձեռքբերումներ ունենալու հարցում: Տեսնելով նախորդ 10 տարիները՝ հույսեր չեն կապում նաև ապագայի համար։