Արմեն Սարգսյանը որպես նախագահ «ոչնչացված է»․ Նիկոլ Փաշինյան

Նկիկոլ Փաշինյան, արխիվ

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի վերջին թողարկման եթերում ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր նկատառումներն է հայտնում նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի կապակցությամբ, անթույլատրելի համարելով վերջինիս պաշտոնավարումն այդ կարգավիճակում:

«Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը, որպես նախագահի թեկնածու, Ազգային ժողովի նիստում ոչնչացվել է: Ուրիշ որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, որովհետև, կարծում եմ, բոլորդ էլ հետևել եք այդ նիստին և տեսել եք ինչ է տեղի ունեցել:

Պատկերացնու՞մ եք Հայաստանի Հանրապետության նախագահ, ով հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Սա անարգանք է Հայաստանի Հանրապետության հասցեին: Ես Արմեն Սարգսյանի անձի դեմ ոչ մի բան չունեմ և ասեմ՝ մինչև Ազգային Ժողովի այս պրոցեսները հարգանք եմ ունեցել նրա նկատմամբ: Իսկ այսօր հարգանք չունեմ ոչ թե այն պատճառով, որ մեր մեջ ինչ-որ անձնական խնդիր է առաջացել, այլ որովհետև նա անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Հայաստանի ժողովրդի հասցեին և անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիության ինստիտուտի հասցեին:

Կարծում եմ՝ մամուլի այն պնդումները, այն փաստերը, որ Արմեն Սարգսյանը մինչև առնվազն 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ինչը բացառում է նրա ընտրությունը որպես նախագահ, նա այդ մեղադրանքը կարող էր հերքել հինգ րոպեում՝ տեղեկանք բերելով Մեծ Բրիտանիայի իշխանություններից այն մասին, որ ինքը 2011 թվականից Բրիտանիայի քաղաքացի չի հանդիսանում: Բայց նա ոչ միայն դա չարեց, այլև իմ հարցին պատասխանելիս ասաց՝ ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ: Ի՞նչ կա խորհրդակցելու: Նա իրեն արդեն Ազգային Ժողովի ամբիոնից որպես մեղադրյալ էր պահում, և սրանով ամեն ինչ ասված է:

Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը, որպես նախագահի թեկնածու, ոչնչացվել է: Բնականաբար, որպես նախագահ՝ առավել ևս ոչնչացված է: Նա չի կարող որևէ լուրջ գործունեություն ծավալել և նա չի կարող որևէ օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ստի վրա չի կարելի կառուցել ճշմարտություն, ստի վրա չի կարել չի կառուցել առաքինություն, և Արմեն Սարգսյանն ընդամենը Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության մի մարիոնետ է»,- «Ազատությանն» ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Կիրակնօրյա վերլուծականի տեսագրությունում․