ՊԵԿ-ը հայտնում է 2018-ի առաջին եռամսյակի կատարողականը գերակատարելու մասին

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան, արխիվ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 15 միլիարդ 600 միլիոն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 միլիարդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է», - ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ասել է Հարությունյանը:

Նա շեշտել է, որ նպատակային տրամադրվածությամբ ՊԵԿ-ը պետք է շարունակի բիզնեսի համար բարենպաստ եղանակ ստեղծելու քաղաքականությունը:

Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով երկրի նախագահի հանձնարարականը. - «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»:

Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ խիստ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման, նշված է հաղորդագրությունում: