«Կառավարական դաչայում» տուն սեփականաշնորհելով՝ Սերժ Սարգսյանը չարաշահում է իշխանությունը. Զուրաբյան

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո որպես պաշտոնաթող նախագահ կստանա այն նույն առաձնատունը, որտեղ հիմա բնակվում է, և որը «կառավարական դաչա» անունը ստացած տարածքում գտնվող, նախագահի ծառայողական առանձնատունն է։

«Ազատությունն» այս մասին տեղեկացավ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանից, ով տեղեկացրեց, որ այնտեղ ապրում են նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օրերս Կառավարությունը որոշեց, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Սերժ Սարգսյանին պետության կողմից սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի «Կոնդի առանձնատների տնտեսության» հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մաս կազմող շենքը և շինությունները՝ սպասարկման 1,5 հեկտար տարածքով հանդերձ:

Թեև Կառավարության որոշմամբ չէր հստակեցվում՝ արդյո՞ք շենքը գտնվում է հատուկ պահպանվող այն նույն տարածքում, որտեղ այժմ բնակվելու իրավունք ունեն նախագահը, վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն նախագահի գործերի կառավարիչը հաստատում է, որ մամուլի հրապակումներն այդ մասին ճիշտ են։

Ընդդիմադիր ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով, սեփականություն ձեռք բերելով երկրի այդ պահի ղեկավարների համար նախատեսված տարածքում Սերժ Սարգսյանը չարաշահում է իշխանությունը, բացի այդ իրեն առաձնացնում մյուս պաշտոնաթող նախագահներից․ - «Գաղափարը դեռ սովետական ժամանակներից եղել է այն, որ Հայաստանի այդ օրվա կառավարիչները բնակվում էին այդ տներում, ինչը թույլ է տալիս և անվտանգության խնդիրը կարգավորել․․․ Չի ընդունվել միայն որոշում Սերժ Սարգսյանին տուն տրամադրելու մասին, փաստորեն որոշում է ընդունվել նաև կառավարական այդ տարածքի ապագայի մասին: Որովհետև ի՞նչ է նշանակում հիմա Սերժ Սարգսյանը կունենա անձնական սեփականություն այդ տարածքում: Մի օր պաշտոնաթող է, չէ՞, լինելու․․․»։

Օրենքի պահանջով սեփականության իրավունքով առանձնատներ են ստացել նաև Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները, սակայն ոչ Ձորափի փողոցի առանձնատների հատվածում, այլ քաղաքի ծայրամասերում։

Ինչո՞ւ է Կառավարությունը պաշտոնավարումից հետո Սարգսյանին հատկացնում երկրի՝ այդ պահին գործող նախագահի համար նախատեսված առանձնատունը:

Ըստ Զուրաբյանի, այստեղ մի քանի վարկած կարող է լինել․ - «Խոսքը գնում է նրա մասին, որ նա արդեն իր մտքում հավերժացրել է իր իշխանությունը և չի ցանկանում լքել այդ տարածքը: Երկրորդը, որ այն իրավիճակում տեսական, երբ նա լինելու է պաշտոնաթող, դա իրեն կստեղծի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություն ազդելու այդ կառավարիչների վրա: Եվ երրորդը, որը նույնպես չի կարելի բացառել․ խոսքը նրա մասին է, որ աստիճանաբար այդ տարածքը դարձնի իր սեփականությունը: Երեք վարկածներն էլ, երեք հնարավորություններն էլ, իհարկե, անթույլատրելի բան է»:

Վերջերս փոփոխությունների ենթարկվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը, ըստ այդմ՝ դրա պաշտոնավարման ընթացքում ծառայողական առաձնատներ կստանան Հանրապետության նախագահը, վարչապետը, որոնց դեպքում օրենքում հասցեն ֆիքսվում է՝ Ձորափի փողոց 74, համապատասխանաբար 4-րդ և 3-րդ մասնաշենքեր, ծառայողական տներ կստանան նաև Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի նախագահները, սակայն նրանց պարագայում հավանաբար Ձորափի փողոցում ապրելը պարտադիր չէ, քանի որ օրենքում հասցե չի նշվում։

Իսկ մինչև օրենքի փոփոխությունը այդ տարածքում նախագահի կարգադրությամբ ժամանակավոր առաձնատներ կարող էին ստանալ և՛ ԱԺ նախագահը, և՛ մի շարք նախարարներ, և՛ Սահմանադրական դատարանի ղեկավարն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նիկոլ Փաշինյան․ - «Պատկերացնենք, որ վաղը լսենք, որ Ազգային ժողովի շենքը սեփականաշնորհել են Արա Բաբլոյանին», - ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքից քաղաք քայլերթի ընթացքում վրանային ավան հիմնած ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը համակիրների հետ զրույցում ևս անդադարձել էր նույն թեմային, Ձորափի փողոցում կամ «կառավարական դաչայում» տան սեփականաշնորհումը անվանելով հանցագործություն. - «Պետական հեղաշրջմանը հավասար բան ա դա․․․ Դա հանցագործություն ա: Ընդ որում, էդ հանցագործության հեղինակ են Կառավարության բոլոր էն անդամները, ովքեր համաձայնվել են դրա հետ․․․ Ես պաշտոնական պարզաբանում եմ պահանջում, որպես Ազգային ժողովի պատգամավոր, էդ թեմայի վերաբերյալ»: