Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդով, արխիվ

Ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի առաջնորդած Թուրքմենստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կհզորացնեն նախագահի դիրքը:

Ընտրողները կարող են քվեարկել երեք կուսակցությունների, ինչպես նաև «անկախ» համարվող փոքր թվով թեկնածուների օգտին: Վերլուծաբանների փոխանցմամբ, բոլոր թեկնածուներն, ըստ էության, հավատարիմ են Բերդիմուխամեդովին:

Թեկնածուներից մեկը նախագահի 36-ամյա որդին է՝ Սերդար Բերդիմուխամեդովը, ով համարվում է իշխանությունը հետագայում ստանձնելու հիմնական հավակնորդը:

Ընտրատեղամասերում քաղաքացիներին դիմավորել են ուտեստներով, ազգային երգերով և պարային համարներով:

Այս տարվա հունվարին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի, Թուրքմենստանը հայտնվել է մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով աշխարհի վատթարագույն 12 պետությունների ցանկում: