Առաջին «խելացի խաչմերուկը» Հայաստանում․ այստեղ խցանումներն «այլևս բացառված են»

Երևանյան փողոցներից մեկը, արխիվ

Առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հերթական նորամուծությունն է ներդրվել Երևանի մի խաչմերուկում։ Արդեն մի քանի օր է՝ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, և դրական փոփոխությունը, ըստ Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության, արդեն ակնհայտ է։

«Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի», - ասված է հաղորդագրությունում: - «Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է։ Այստեղ խցանումներն այլևս բացառված են»։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ, և շուտով կլինեն «խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս»։

Այս սարքերը, ըստ հաղորդագրության, նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։