«Բիթլզի» Ռինգոն՝ սըր Ռիչարդ Սթարքի

«Բիթլզի» հարվածող Ռինգո Սթարը, արխիվ, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա, 30 մարտի, 2015թ.

Միապետը հարվածողին Ասպետի կոչում է շնորհում

Անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ռոք երաժշտության հիմնադիր խմբերից «Բիթլզի» լեգենդար հարվածողը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի վճռով կարժանանա Ասպետի կոչման և ի պաշտոնե կդառնա սըր Ռիչարդ Սթարքի:

Միապետն այդպես գնահատում է «Բիթլզի» հարվածողի ներդրումը Բրիտանիայի մշակույթի և արվեստի զարգացման ասպարեզում: Նա Ռինգո Սթարի անունը նշել է 2018 թվականի Պատվո ցուցակում:

1997 թվականին Ասպետի կոչում ստացած սըր Փոլ ՄըքՔարթնին, ով Ջոն Լենոնի հետ հեղինակել է «Բիթլզի» գլուխգոծոցների մեծ մասը, շատ ջերմ է արձագանքել թագուհու որոշմանը և Թվիթերում գրել.- «Շնորհավոր, սըր Ռինգո, սըր Ռիչարդ Սթարքի, լավագույն հարվածող, լավագույն ընկեր»:

Ռինգոն Ասպետի կոչումը և Բրիտանական կայսրության շքանշանը կստանա այսօր Բուքինգհեմյան պալատում: Այսօր այդ պատվին կարժանանան նաև Bee Gees խմբից Բարրի Գիբը և անվանի գրող, մանկագիր Մայքլ Մորպուգոն:

1940 թվականին ծնված Ռինգո Սթարը դեռ 13 տարեկանում ասել է, թե կյանքում ուզում է ընդամենը մեկ բան՝ դառնալ հարվածող:

Ռինգոն 1960-ականների սկզբին տարբեր խմբերի կազմում նվագել է Համբուրգում, որտեղ ծանոթացել է «Բիթլզի» անդամների հետ: Այն ժամանակ նրանց հարվածողը Փիթ Բեսթն էր: Ռինգոն մի քանի անգամ նվագել է Փոլ ՄըքՔարթնիի, Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի հետ և 1962 թվականին փոխարինելով Բեսթին՝ դարձել է հանճարեղ քառյակի մշտական հարվածողը:

Ջոն Լենոնին սպանել են 1980 թվականին Նյու Յորքում, Ջորջ Հարիսոնը մահացել է քաղցկեղից 2001 թվականին Լոս Անջելեսում: Ինչպեսև Փոլ ՄըքՔարթնին, այսօր Ռինգո Սթարը շարունակում է ստեղծագործել, հենց այս ամիսներին եվրոպական քաղաքներում նախատեսված են Ringo Starr & His All-Starr Band խմբի համերգները:

Ռինգոյի որդին՝ Զաք Սթարկին այսօր անվանի հարվածող է և համագործակցում է տարբեր խմբերի հետ: