Աֆրին շրջանում թուրքական հրետանու հարվածներից առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիա - Թուրքական զինուժի գործողությունների հետևանքով Աֆրինը լքած խաղաղ բնակիչներ, 13-ը մարտի, 2018թ․

Թուրքական հրետանու հարվածներից Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում անցած գիշեր առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, հայտարարում են սիրիացի իրավապաշտպանները:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, 24 ժամվա ընթացքում շուրջ 30 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակավայրը՝ թուրքական զինուժի առաջխաղացման պատճառով:

Նախօրեին Եվրախորհրդարանը կոչ էր արել Անկարային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, հակադարձել էր․ - «Մենք դուրս չենք գա, մինչև մեր գործը չավարտենք»: