«Ելք»-ն ամուր է, փլուզում մի կանխատեսեք». Մանե Թանդիլյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհուրդ է տալիս «Ելք»-ի փլուզում չկանխատեսել։

«Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ նման բան չի լինելու, իրենց դաշինքն ամուր է և աշխատելու է մինչև իրեն տրված լիազորությունների ավարտը։

«Ազատություն». - Վերջին շրջանում շատ է մամուլն անդրադառնում «Ելք»-ի ներսում տարաձայնություններն, հատկապես փողոց դուրս գալու հետ կապված, դրանից հետո մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին մարտի 10-ի հանրահավաքում, որտեղ ինքն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ էր։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ մոտեցումների տարբերություն կա «Ելք»-ում փողոցային պայքարի հետ կապված։

Թանդիլյան. - Մենք քննարկում ենք և, այո՛, կա ճանապարհային քարտեզի քննարկման բանավեճ, որը բավականին բուռն է, խորքային է՝ հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ քայլերի հաջորդականության՝ փողոց դուրս գալ, հետո ի՞նչ անել, ո՞նց վարվել։ Երբ որ ասում ենք քայլեր, նկատի չունենք դուրս գալ փողոց, դուրս չգալ, դա չի քայլը, դրա հաջորդը, նախորդը, դրա ամբողջ փաթեթը, դրա տարբեր սցենարները։ Այդքան հասարակ ու պրիմիտիվ չէ փողոց դուրս գալ, կամ դուրս չգալը։ Երբ ասում ենք քարտեզ, դա նշանակում է՝ մինչև ո՞ւր ենք հասնում այս քայլով, որ գնում ենք, հետո երբ որ շեղվում է, այս դեպքում ինչպե՞ս ենք վարվում, սա մի ամբողջ քննարկում-բանավեճ է, և իրականում սցենարների բազմազանություն, որոնց հավանականությունն էլ հաշվարկվում է։ Այսինքն՝ այս առումով, Ձեզ ի՞նչ է թվում, այդքան հասարակ և հեշտ է մարդկանց նորից տանել փողոց և տանել հարցականների տակ դնել իրենց ճակատագրերը, երբ դու չգիտես, թե ինչ հետազոտության տակ են նրանք ընկնում, այդ առումով մենք շատ պատասխանատու ենք վերաբերում, սա է խնդիրը, ու նմանատիպ քննարկումներ մեզ մոտ անընդհատ կան յուրաքանչյուր հարցի շուրջ։

«Ազատություն». - Դուք ո՞ր կողմից եք։

Թանդիլյան. - Ես խելամիտ լուծման կողմնակից եմ և գտնում եմ, որ յուրաքանչյուր գործիքակազմ ընդունելի է, քանի դեռ դու գոնե հույս ունես, որ որոշակի փոփոխության հնարավոր է հասնել։

«Ազատություն». - Բանավեճն ո՞ւմ միջև է։

Թանդիլյան. - Տարբեր կուսակցությունների, տարբեր անդամների։ Պետք է ասեմ, որ շատ հաճախ անդամներն են տարբեր կարծիքներ հայտնում։

«Ազատություն». - Մենք երբ Նիկոլ Փաշինյանին փողոցում ենք տեսնում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ին չենք տեսնում, եզրակացնում ենք, որ այս կուսակցությունների միջև է տարաձայնությունը։

Թանդիլյան. - Այնտեղ կա նաև «Հանրապետություն» կուսակցությունը։ Մարտավարական տարբեր մեթոդաբանության մասին է խոսքը, և, նորից ասեմ, որ մեր կուսակցության անդամներն ազատ են եղել գնալու, ով ինչ ցանկություն ունի, այդպես էլ արտահայտել է, և այդ առումով քանի որ հրավերն իրենցն էր, Դուք պաշտոնապես իրենց եք տեսել ներկայացված, սա է հարցը, և որևէ խնդիր... որ «Ելք»-ը փլուզվեց, ժպիտ է առաջացնում, մի կանխատեսեք, նման բան չի լինելու, յուրաքանչյուր լուծման պարագայում, անկախ նրանից թե ով, որտեղ կհայտնվի, մեր դաշինքն ամուր է և աշխատելու է մինչև իրեն տրված լիազորությունների ավարտը։

«Ազատություն». - Անկախ ներքին բանավեճերի՞ց։

Թանդիլյան. - Դրանք անընդհատ կան՝ ի շնորհիվ ներքին բանավեճերի։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարելէր, որ «Ելք»-ն «անընդունելի է» համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։

«Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - ասել էր Փաշինյանը։

Նա նշել էր, որ դաշինքն այժմ քննարկում է որոշակի ճանապարհային քարտեզ։

Սակայն ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հարցազրույցն ամբողջությամբ տես այստեղ.