Շաբաթակզբից Չինաստանում ստիպված են հաշվի նստել նոր կանոնների հետ․ սոցիալական ցանցերում այլևս չի թույլատրվում օգտագործել «համաձայն չեմ», «վերընտրություն», «սահմանադրության փոփոխություն», «ինքնահռչակ առաջնորդ», «պաշտոնավարման ժամկետ» ու «սահմանադրական նորմ» բառակապակցությունները:
Այս բառերը արգելվածների շարքն են անցել իշխող կուսակցության վիճահարույց առաջարկից հետո, որով, ըստ էության, գործող նախագահ Սի Ծինփինին կարող է ցմահ կառավարման իրավունք տրվել:
Անցած կիրակի Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց, թե պատրաստվում է հանել սահմանադրական այն դրույթը, որն արգելում է երկրի նախագահին պաշտոնավարել երկու ժամկետից ավելի: Իշխանական լրատվամիջոցները ջանք չեն խնայում համոզելու, որ այս քայլն արվում է հանուն կայունության, կուսակցության ու կառավարման համակարգի բարեփոխման: Իսկ կառավարության միլիոնավոր գրաքննիչները նույն ջանասիրությամբ հետևում ու հեռացնում են քննադատական գրառումները սոցիալական կայքերից:
Այդուամենյանիվ լռեցնել հաջողվում է ոչ բոլորին: Երկուշաբթի պաշտոնական թերթերից մեկի՝ China Youth Daily պարբերականի նախկին խմբագիր Լի Դաթունը խորհրդարանին ուղղված բաց նամակ հրապարակեց՝ պնդելով, թե այս նախաձեռնությունը քաոս կսերմանի․ - «Չինաստանը պետք է առաջ գնա, և որ թե գլորվի անցյալի գիրկը»:
«Ես այլևս շատ ծեր եմ վախենալու համար», - BBC-ի հետ զրույցում ասել է Լի Դաթունն ընդգծելով․ - «Ուզում եմ, որ վերևներում իմանան՝ ոչ բոլորն են այդ փոփոխության հետ համակարծիք: Այդ որոշումը հակասում է քաղաքակրթության ընթացքին և չի դիմանալու ժամանակի քննությանը»:
Նախաձեռնությունը բաց նամակով քննադատել ու այն բացահայտ դավաճանություն է որակել նաև Չինաստանի հայտնի գործարար կանանցից մեկը՝ Վան Ինը․ - «Գիտեմ, որ ձեզ համար շարքային քաղաքացու կարծիքը որևէ նշանակություն չունի, սակայն ես Չինաստանի քաղաքացի եմ և չեմ պատրաստվում արտագաղթել», - WeChat -ում գրել է նա:
Իսկ հայտնի սոցիոլոգ Լի Պինյինը պնդել էր, թե խորհրդարանը ամենայն հավանականությամբ միաձայն կընդունի փոփոխությունը, քանի որ պատվիրակները «ժողովրդի կողմից չեն ընտրվել, ժողովրդի շահը չեն ներկայացնում և քվեարկում են լոկ իշխանությանը ծառայելու համար»:
Այս գրառումը հասանելի է եղել ընդամենը մի քանի րոպե․ գրաքննիչները արագորեն այն հեռացրել են:
Ակնկալվում է, որ վիճահարույց այս փոփոխությունը խորհրդարանը հաջորդ շաբաթ արդեն կքննի ու, ամենայն հավանականությամբ, միաձայն կընդունի: Ինքը՝ գործող նախագահը, դեռ հրապարակավ չի ասել, թե որքան երկար է մտադիր իշխանությունն իր ձեռքում պահել:
Արևմտյան լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ իշխանության գալու առաջին իսկ օրից նա ակնհայտորեն ցույց էր տալիս, որ մտադիր է սահմանել խաղի իր կանոնները:
Washington Post-ն իր հերթին հիշեցնում է, որ ուղիղ հինգ տարի առաջ, պաշտոնը ստանձնելուց հետո, Ծինփինը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու հայտարարել, որ իրենք շատ ընդհանրություններ ունեն:
«Երկու առաջնորդների այդ նմանություններն այս շաբաթ դարձան է՛լ ավելի ակնհայտ», - գրել է Washington Post-ը:
Արևմտյան մյուս պարբերականները հիշեցրել են, որ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես, նախկին Խորհրդային Միության երկրներում նախագահներից շատերն են սահմանադրության փոփոխությամբ իրենց պաշտոնավարումը երկարաձգել: Այս շաքրում նշվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի ղեկավար Նուսրուլթան Նազարբաևի ու Թուրքմենստանի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունները:
Ի դեպ, արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Չինաստանում արգելված բառերի ցանկում է նաև «Վինի թուխ»-ը, քանի որ սոցիալական ցանցերում օգտատերերը հաճախ են նախագահի անունը շրջանցելու համար այս գրական արջուկի մականունը օգտագործում: Այսօր, եթե «Թվիթերի» չինական տարբերակի՝ «Սինա վեիբոյի» էջերում «Վինի թուխ» փնտրեք, էկրանին կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը՝ «Ձեր որոնման արդյունքը չի կարող ցուցադրվել սահմանված օրենքների, կանոնների ու նորմերի համապատասխան»: