«Չեմ բացառում, որ գործը շուռ տան «Երկիր Ծիրանի»-ի դեմ»․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանության կողմից ծեծի և խուլիգանության հատկանիշներով հարուցված գործը շուռ տան Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց դեմ։

«Կարող է [կանանց դեմ շուռ տան]: Սերժ Սարգսյանի ռեժիմում կարող է այդպես լինել։ Մտահոգությունն անտեղի չէ, առավել ևս, որ մի շարք ուրիշ հոդվածներ էլ պետք է լինեին քրեական գործում՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն, օրինակ, կարող են փորձել շուռ տալ, որպեսզի փորձեն ոչ-ոքիով դուրս գալ էս պատմությունից։ Եվ Հայաստանի սերժական իրավապահ համակարգը դրան ընդունակ է, ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարին գնդակահարողի, որևէ մեկին գնդակահարողներից կամ հրաման տվողներից պատասխանատվության չենթարկող համակարգը էս տեսակ բաները մի բաժակ ջրի նման կխմի և կմարսի, իր համար դա ի՞նչ է՝ ինչ ասես կհորինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Նրա գնահատմամբ, Երևանում տեղի է ունենում ավտորիտար կառավարում։ «Ակնհայտ է, և բոլորս տեսանք ու ամբողջ աշխարհը տեսավ, թե Երևանում ինչպես տեղի չի ունենում տեղական ինքնակառավարում, Երևանում տեղի է ունենում ավտորիտար կառավարում։ Պետության ավտորիտար կառավարման մինիմում մոդելն է՝ բռնատիրական մանրակերտն է», - ասաց Գյումրիի ավագանու անդամը։

Հիշեցնենք, Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ տեսնելով տարաներով իրեն մոտեցող ընդդիմադիր խմբակցության կանանց, ավագանու ՀՀԿ անդամներին հրամայեց նրանց «դեմն առնել»։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:

Բարսեղյանը նշեց՝ «դեմը առ» արտահայտությունը հուշում է, որ Տարոն Մարգարյանը կանխակալ վախ ունի իր մեջ․ - «Սարսափներ կան մեջը, որտեղի՞ց է գալիս՝ իմ գործը չէ, երևի հոգեվերլուծողները կասեն, կամ իրեն կհուշեն, որ պետք չէ վախենալ, հարգելի՛ս, որովհետև էդ ամբողջը տեսագրվում է, երբ որևէ մեկն ինչ-որ հանցագործության դիմի, հաստատ պատասխանատվության կենթարկվի, բայց ինքը վախենում է։ Հիմա «դեմը առ» ձևակերպումը տարածվեց այս հետագա տասը օրերի վրա, և այս ամբողջ պրոցեսն ինչ անում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետով, հանրապետական ավագանու որոշ անդամներով, դեմն առնելու ֆաբուլայի մեջ է՝ փակենք, արգելենք, արգելափակենք, թույլ չտանք, շփում չլինի»։

Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ կոյուղաջուրը տարայով քաղաքապետարանի նիստերի դահլիճ տանելն ադեկվատ չէր, քաղաքական չէր, կոռեկտ չէր, Գյումրիի ավագանու անդամն այսպես արձագանքեց. - «Թող քննադատեն, բայց չեք կարող ասել, որ այդ մեթոդն ապօրինի էր, չկար այդտեղ ապօրինություն։ Ո՞վ է իրավունք տվել սահմանափակել ավագանու անդամի տեղաշարժի ազատության իրավունքը դահլիճում՝ «բա որ այսպես, բա որ այնպես», «բա որ»-ի վրա չեն ասում՝ էդ աղջկան որ գրկում եք, քաշքշում եք, ծեծում եք, բա որ հանկարծ մահանա՞ր։ Ոչ մի իրավունք չեն ունեցել խափանել ավագանու անդամի տեղաշարժը դահլիճում, քանի դեռ որևէ հանցագործություն տեղի չի ունենում, որի հետևանքների ծանրացման համար ստիպված եք խափանել դա», - ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ տեղաշարժի ժամանակ աֆեկտիվ իրավիճակ ինքը չի նկատել։

«Ինչ-որ մեկը եթե նկատել է, որ այդտեղ կա արդեն հոգեկան հավասարակշռությունից ելած ինչ-որ մեկի գործողությունը տարան տեղափոխելու ընթացքում, թող արտահայտվի և ցույց տա։ Աֆեկտիվ արդեն հետո կար։ Հա, մի հավանեք էդ բողոքի ձևը, մեկդ էդ ձևն է ընտրում, մյուսդ գալիս, քաղաքապետի ականջին փսփսում է, որ պրոբլեմ կա, պետք է լուծվի, դա էլ է ձև։ Հիմա կլինի՞, որ մեկդ մոտենաք հանկարծ փսփսալու, ավագանու մյուս խմբակցության անդամները հասնեն, ճանապարհը փակեն, հրեն, հայհոյեն, կամ նկատեն, որ ասենք ֆիզիկապես գուցե թույլ ես, ենթադրենք, դե բեր ապտակենք, բեր ծեծենք էս մարդուն», - ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.