Բաքվում Իրանի պաշտպանության նախարարի բանակցությունների հիմնական թեմաներից էր Ղարաբաղի հարցը

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամի, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության հիմնական շեշտադրումներից մեկը բոլոր երկրների տարածքային ամբողջականության հանդեպ տածած հարգանքն է: Իրանի պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին:

Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի մայրաքաղաք էր ժամանել երկօրյա այցով` բանակցություններ անցկացնելով երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ: Երեկ Հաթամիին ընդունեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բանակցությունների ընթացքում, ըստ «ԱզերԹԱջ» գործակալության, կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական կապերի ամրապնդմանը:

«Համոզված եմ, որ Ձեր այցը Բաքու մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու հարմար առիթ է: Բացի այդ, մենք այս բանակցությունների ընթացքում կարող ենք քննարկել Իրանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության հեռանկարները», - դիմելով Իրանի պաշտպանության նախարարին՝ հայտարարում էր Իլհամ Ալիևը:

Հարկ է նկատել, սակայն, որ Իրանը և Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում մինչ օրս լուրջ հաջողությունների չեն հասել: Ռազմական համագործակցության խնդիրներով զբաղվող ադրբեջանա-իրանական աշխատանքային խումբը ստեղծվել է 2015 թվականին` այն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հոսեյն Դեղհանի Բաքու այցի ընթացքում: Վերջին երեք տարիներին, այդուհանդերձ, այդ խումբն ընդամենը երկու նիստ է գումարել: Դրանցից վերջինը կայացավ 2017-ի հոկտեմբերին, դրա ընթացքում կողմերը, ըստ Eurasianet կայքի, քննարկում էին նաև իրանական զենքի հնարավոր մատակարարումը Ադրբեջան:

Փորձագետների կարծիքով` Հայաստանի կողմից ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Ադրբեջանի համար առավել գրավիչ են դարձել իրանական արտադրության բալիստիկ հրթիռները, սակայն Թեհրանում դրանք վաճառել չեն շտապում: Ռազմական վերլուծաբանները ենթադրում են, որ Թեհրանում մտավախություններ կան, թե Ադրբեջանը իրանական ռազմական տեխնոլոգիաները կարող է Իսրայելին փոխանցել:

Վերադառնալով Իրանի պաշտպանության նախարարի ադրբեջանական այցին, նշենք, որ դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից` բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

«Ղարաբաղյան հակամարտության չլուծված կարգավիճակը լրջորեն սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Մենք, սակայն, երախտապարտ ենք Իրանի իշխանություններին գործադրած այն ջանքերի համար, որոնց նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա», - իր իրանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը: