Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինական լրատվամիջոցները այսօր հաղորդում են, որ Մինսկի համաձայնագրերի ստորագրման երրորդ տարին լրանալու օրը՝ փետրվարի 12-ին, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով երկարատև բանակցություններ են վարել:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաստատելով լուրը, ասել է, թե Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Ан-148 մարդատար օդանավի աղետի կապակցությամբ՝ առաջարկելով ուկրաինական կողմի օգնությունը հետաքննությանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելքում գերիների փոխանակման հարցերը, համաձայնել են, որ Մինսկի պայմանագրերի իրականացմանը այլընտրանք չկա, ասել է Պեսկովը:

Պորոշենկոն և Պուտինը նաև քննարկել են «Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգը: Հանդիպումը անցկացվելու է փետրվարի 14-ին՝ Մյունխենում: