Մեղադրողը պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով ընդդիմադիր գործչի մեղքը։

Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարեց, թե Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ փայտյա և մետաղյա շուրջ չորս տասնյակ մահակներ և ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։

Մեղադրողը պնդեց նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։ Դատախազը հայտարարեց, թե մասնավորապես ծրագրված է եղել գրավել Նորքի հեռուստաաշտարակը և Նուբարաշենում տեղակայված զորամասեր։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանի համար որպես մեղմացուցիչ հանգամանք պետական մեղադրողը վկայակոչեց խնամքին անչափահաս որդի ունենալը և Ղարաբաղյան պատերազմում «ակտիվ մասնակցությունը»։

Գևորգ Սաֆարյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել 4.5 տարվա ազատազրկման, իսկ պատժաչափը հաշվել 2017 թվականի դեկտեմբերից, այնինչ Սաֆարյանը մեկ այլ՝ «տոնածառի» գործով արդեն երկու տարվա ազատազրկման պատիժ է կրել։

Այս գործով անցնող մյուս մեղադրյալների՝ Սասունիկ Կիրակոսյանի համար դատախազը պահանջեց 4.5, Ներսես Պողոսյանի համար՝ 4, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար էլ՝ 3-ական տարվա ազատազրկում։

Ամենամեղմ՝ 2 տարվա պատժաչափ դատախազը միջնորդեց մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանի համար, ով միակն է, ով դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Ապացուցված համարելով Պետրոսյանի մեղքը՝ դատախազ Հակոբ Ենոքյանը միաժամանակ ասաց, որ նա համագործակցել է իրավապահների հետ, ուստի կան էական մեղմացուցիչ հանգամանքներ:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ