Ռուսաստանը հաստատում է Су-25-ի խոցման, օդաչուի մահվան լուրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը, որ փետրվարի 3-ին Սիրիայում Су-25 ռազմական օդանավ է խոցվել, իսկ օդաչուն զոհվել է: Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ օդաչուն հասցրել է պարաշյուտով լքել խոցված օդանավը, սակայն զոհվել է՝ Սիրիայի իշխանությունների դեմ ապստամբած զինյալներին դիմադրություն ցույց տալիս:

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սիրիական զինված ընդդիմության կողմից վերահսկվող տարածքում՝ Իդլիբ քաղաքի մերձակայքում: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Թահրիր ալ-Շամ» ջիհադիստական խմբավորումը:

2015 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի:

Су-25-ը մեկտեղանի գրոհային ինքնաթիռ է, որը օդային աջակցություն է ապահովում ցամաքային զորքին: