Մոսկվան հերքում է պատժամիջոցները շրջանցելու համար Հյուսիսային Կորեային աջակցելու լուրերը

Հյուսիսկորեական նավ, արխիվ

Reuters գործակալությունը, վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները, հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան առնվազն երեք անգամ քարածխի խմբաքանակներ է ուղարկել ռուսական նավահանգիստներ, որտեղից այն տեղափոխվել է Հարավային Կորեա և Չինաստան: Փհենյանը այդ գործարքներով շրջանցել է ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ Ռուսաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին խորհուրդ է տվել չլսել հետախուզության չբացահայտված աղբյուրներին: «Մենք չենք պատրաստվում ստուգել այդ լուրերը, մենք ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ չենք լսել», - ասել է նա: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հետևում է միջազգային նորմերին և պատժամիջոցներին: