Ուկրաինայի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ի հատուկ բանագնացին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հունվարի 23-ին Կիևում հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերին: Ուկրաինայի նախագահի կայքը հայտնում է, որ նրանք «լուրջ մտահոգություն» են հայտնել Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու առաջընթացի բացակայության կապակցությամբ: Պորոշենկոյի հայտարարությունում նշված է, որ հրադադարի ամրապնդումն ու «Ուկրաինայից ռուսական օկուպացիոն զորքերի դուրս բերելը բացարձակ առաջնահերթություն է մնում»:

Վոլքերը Twitter-ի իր էջում գրելով, թե «լավ հանդիպում» ունեցավ Պորոշենկոյի հետ, նաև տեղեկացրել է, որ շաբաթավերջին մեկնելու է Դուբայ՝ հանդիպելու ռուսաստանցի դիվանագետներին:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: