Արմեն Սարգսյանը նախագահի «անխոցելի թեկնածու է»․ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյան, արխիվ

Նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի «անխոցելի թեկնածու է»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, որ նրա թեկնածության քննարկումը Հայաստանի նախագահի պաշտոնում տրամաբանական է:

Բաղդասարյանի համոզմամբ՝ Արմեն Սարգսյանը նաև համապատասխանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված չափորոշիչներին:

Առաջիկա մարտի 2-ին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի 4-րդ նախագահին: Հանրապետականն առայժմ չի բացում փակագծերը, թե ում թեկնածությունն է առաջադրելու այդ պաշտոնում: Այս հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի իշխող ուժի գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում:

Մամուլում արդեն ակտիվորեն շրջանառվում է 65-ամյա Արմեն Սարգյանի անունը, ով երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում, եվրոպական տարբեր երկրներում զբաղեցրել Հայաստանի դեսպանի պաշտոնը, նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել միջազգային մի շարք ընկերություններում՝ Բritish Petrolium-ում, Alcatel-ում և այլն:

«Տրամաբանական է, որ կարելի է քննարկել նաև այդ անունը, որովհետև՝ երբ նայում ես չափորոշիչներին և անձին, կա այդտեղ համապատասխանություն: Եվ եթե կլինի նման թեկնածության առաջադրում, դա քննարկման առարկա կդարձնենք»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցմանը, որ նախագահն ասել է՝ ապագա նախագահը չպետք զբաղված լինի քաղաքականությամբ, մինչդեռ Արմեն Սարգսյանը 4 ամիս զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Պետք է մի փոքր տարանջատել․ ես չեմ կարծում, որ կգտնենք այնպիսի քաղաքացի, որը հանրությանը հայտնի լինի ու որևէ շփում չունենա քաղաքականության հետ: Համենայն դեպս՝ ես չեմ կարծում, որ գործադիր մարմնում աշխատանքը․․․ այն, ինչը մենք պատկերացնում ենք քաղաքականությամբ զբաղվել, դա այդ կոնտեքստում չի նայվում: Չեք կարող գտնել որևէ մեկին, որը 4 ամիս կամ 1 տարի ինչ-որ քաղաքական առնչություն չունենա, կամ որևէ պաշտոն զբաղեցրած չլինի:

Այդ անձնավորությունը նաև եղել է դեսպան, և եթե այդ ենթատեքստում ենք նայում, դեսպանի աշխատանքը նույնպես քաղաքական գործունեություն կարող ենք համարել: Եթե այդպես նայենք, մենք դժվար թե կարողանանք թեկնածու գտնել»:

Հարցին՝ դուք Արմեն Սարգսյանին համարու՞մ եք նախագահի լավ թեկնածու, և արդյո՞ք վերջինիս թեկնածությունն ընդունելի կլինի հանրության համար, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Ես անձամբ էլ եմ ճանաչում իրեն և իր անցյալը նայելով, կասեմ, որ բավականին անխոցելի թեկնածու է: Ինքն ընկալելի է»:

2010 թվականին «Ազատության» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել էր, թե քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի: Այս առնչությամբ՝ Վահրամ Բաղադասարյանն ասաց․ «Տարիների ընթացքում շատ բաներ են փոխվում: Քաղաքականության մեջ ամեն գիշեր է բան փոխվում, և պետք է չէ հենվել այդ հայտարարությունների վրա: Ամեն ինչը վաղեմություն ունի, խոսքն էլ»:

Նշենք, որ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհարաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն: Հանրապետականը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ուստի՝ Հանրապետականը նախագահի իր թեկնածուի հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար կփորձի ստանալ նաև մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ այդ հարցում որևէ խնդիր չեն ունենա:

«Այդ կապակցությամբ մենք պետք է լայնածավալ քննարկումներ կազմակերպենք: Նախ մենք պետք է ընտրենք այնպիսի թեկնածու, որն ընկալելի լինի քաղաքական ուժերի համար: Ես ավելի քան համոզված եմ, որ կլինի այդ ընդարձակ համաձայնությունը: Անկեղծ ասած չեմ կարծում, որ նման [առաջին իսկ փուլում ՀՀԿ-ի նախընտրած թեկնածուին ընտրելու հետ կապված] խնդիր կարող է առաջանալ, բայց եթե հանկարծ առաջանա նման խնդիր, կանոնակարգը թույլ է տալիս, որ գործընթացը շարունակենք: Բայց ցանկալի է, որ երկրի նախագահն ընտրվի առաջին փուլում: Դա վստահության ավելի բարձր ցուցանիշ է: Հանրության համար առավել ևս կարևոր է, որ լայն համաձայնության դաշտում ընտրվի մեր երկրի նախագահը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը նաև վստահեցրեց, որ իրենց կուսակցությունում ժողովրդավարական քննարկումներ են տեղի ունենում, և այնպես չէ, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ի սկզբանե առաջադրում է իր նախընտրած թեկնածուին: «Բոլորն ազատ խոսքի իրավունք ունեն և արտահայտվում են: Եթե նախագահի թեկնածուների հետ կապված կլինեն առաջարկներ, առանց բացառության բոլորը կքննարկվեն»,- հավաստիացրեց Բաղդասարյանը: