Սաիպովը պատրաստ է ընդունել մեղքը՝ մահապատժից փրկվելու համար

Նյու Յորքում մարդկանց միտումնավոր վրաերթի ենթարկած Սայֆուլո Սաիպովը, արխիվ

Նյու Յորքում փոքր բեռնատարով միտումնավոր վրաերթ կատարած Սայֆուլո Սաիպովը պատրաստ է ընդունել իր մեղքը՝ պայմանով, որ դատախազներն իր համար պահանջեն ոչ թե մահապատիժ, այլ՝ ցմահ ազատազրկում:

29-ամյա Սայիպովը Նյու Յորքի Մանհեթենի շրջանում անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին մեքենան վարել է հետիոտների վրա, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:

Մանհեթենի դատարանում 2019 թվականի ապրիլին պետք է մեկնարկի Սաիպովի դատավարությունը՝ մահապատիժ նախատեսող միտումնավոր սպանության և ահաբեկչության մեղադրանքով:

Մանհեթենում դաշնային դատավոր Ջեֆրի Բերմանը, ով վարում է այս գործը, պետք է իր առաջարկությունը ներկայացնի մահապատիժ պահանջելու հարցում, սակայն վերջնական որոշումը վերապահվում է ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզին:

Ե՛վ Բերմանին, և՛ Սեշընզին այդ պաշտոններում նշանակել է նախագահ Դոնալդ Թրամփը, ով Թվիթերում ժամանակին գրել է, թե Սաիպովի նկատմամբ անհրաժեշտ է ընդունել մահապատժի դատավճիռ:

Սաիպովը ներգաղթյալ է, ով ստացել է Միացյալ Նահանգներում բնակվելու օրինական իրավունք: Նա խոստովանել է, որ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման գաղափարախոսության ազդեցության ներքո: