Մակրոն․ Սիրիայում ԻՊ զինյալների դեմ գործողությունները կավարտվեն փետրվարին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն հաջորդ տարվա փետրվարին:

Մակրոնի այս խոսքերը հնչել են «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին հայտարարությունից մի քանի օր անց: «Դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարեց պատերազմի ավարտի և «Իսլամական պետության» նկատմամբ հաղթնակի մասին: Ես կարծում եմ, որ փետրվարի կեսերին կամ վերջին մենք հաղթանակ կտանենք Սիրիայում ընթացող պատերազմում», - France 2 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այնուհետև պաշտոնական Փարիզը շեշտը դնելու է խաղաղ բանակցությունների վրա, որոնք կներգրավեն Սիրիայում 7-րդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի բոլոր կողմերին:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 340 հազար մարդ, ավելի քան 11 միլիոն մարդ տեղահանվել է: