Հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը. Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ինգիբյորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Նորին Սրբությունը ողջունել է հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ այս առումով Հայոց Եկեղեցին ևս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև հանդուրժողականության, խաղաղ գոյակցության և սիրո ամրապնդման ուղղությամբ:

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է նաև բազմամշակույթ և բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը:

Նորին Սրբությունը շեշտել է, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաև անհանդուրժողականության, այլատյացության և կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարևան երկրներում:

Հյուրերի հետ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար քննարկել է Մերձավոր Արևելքի երկրներում տիրող կացությունը, որն իր ներազդեցությունն է ունենում նաև հայ համայնքի վրա: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է քրիստոնեական համայնքների առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ միասին ձեռնարկվող քայլերի մասին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելել է նաև, որ մտահոգիչ այդ երևույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի և երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա:

Հյուրերը ևս իրենց հերթին կարևորել են էկումենիկ շփումներն ի նպաստ քրիստոնյա փոքրամասնությունների:

Պատասխանելով ներկաների հարցերին` Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատել է միջկրոնական շփումների և երկխոսության առավել աշխուժացումը: