«Արցախի գոյությունն ու կարգավիճակն Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է». Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

«Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը», - այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ։

«Արցախ կատարած իմ վերջին այցից, որն ինձ համար առաջինն էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներից, ստացած տպավորություններից համոզվեցի, որ Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը` նպատակաուղղված ընթանալով ընտրած ճանապարհով», - նշել է նա:

Բաբլոյանը մեկ անգամ ևս վերահաստատել է նախկին դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, սակայն Ղարաբաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ որևէ հարթակում կամ ատյանում, որևէ ձևաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են», - ասել է Բաբլոյանը։

Նա նշել է, որ շուրջ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարևոր քայլ էր բանակցային գործընթացի ակտիվացման համար:

«Սակայն բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից», - ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով. - «Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել այն` համատեղ ջանքերով ու գործողություններով, տնտեսական ու անվտանգության համակարգերի միասնական հզորացմամբ և ամրապնդմամբ: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կապերի ու հարաբերությունների սերտացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը համակարգելու ևս մեկ հնարավորություն է, որը մենք կօգտագործենք արդյունավետ կերպով»։