Մոսկվայի Տվերսկոյի դատարանը հրաժարվեց ընդունել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Իվան Ժդանովը։
«Դատարանը նշում է, որ հայցադիմումը չի ընդունում, քանի որ դրանում ընդդիմադիր գործչի օրինական շահերն ու ազատությունները ոտնահարված չեն», - գրել է Ժդանովը։
Անցյալ շաբաթ Մոսկվայի դատարանը գրանցել էր Նավալնիի հայցը, որում քաղաքական գործիչը պնդում էր, թե տեղական իշխանությունները Կրեմլի հրահանգով իրեն արգելում են հանդիպել ընտրողների հետ՝ հաջորդ գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Շաբաթական, ինչպես նշում է Նավալանին, շուրջ 200 բացասական պատասխան է ստանում ընտրողների հետ հանդիպելու հարցով։ Հայցադիմումում ընդդիմադիր գործիչը դատարանին խնդրում է ապօրինի ճանաչել Պուտինի գործողությունները, որոնք, Նավալնիի խոսքով, խոչընդոտում են իր նախընտրական արշավը:
41-ամյա Ալեքսեյ Նավալին, ով հայտնի է Ռուսաստանի իշխող վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր հետաքննություններով, ամիսներ առաջ հայտարարել է, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի նախագահական ընտրություններում։
Ռուսաստանյան իշխանությունները, մինչդեռ, պնդում են, թե Նավալնին ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով, որն, ինչպես վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անցել է բազմաթիվ կոպիտ իրավախախտումներով։
Նավալնին, այդուհանդերձ, շարունակում է իր քարոզարշավը և արդեն նախընտրական շտաբներ է բացել 80 քաղաքներում: Այդ քաղաքներում, սակայն, նրան պարբերաբար արգելում են հանրահավաքներ անցկացնել, իսկ շտաբների կամավորներին էլ տարաբնույթ ճնշումների են ենթարկում:
Ավելի վաղ Կրեմլը, ի պատասխան Նավալնիի բողոքների, հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը չի զբաղվում այս կամ այն ակցիան թույլատրելով կամ արգելելով: