«Վեոլիա ջուր»-ի Վանաձորի տեղամասի աշխատակիցները դիմել են դատարան

«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները պնդում են, թե խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները:

Ընկերության 19 աշխատակիցներ ստացել են խիստ նկատողություն, իսկ վերահսկողության ծառայության 5 աշխատակիցներ, ինչպես նաև տեղամասի տնօրենը ազատվել են աշխատանքից: Նրանք կարծում են, որ ընկերությունն անհիմն և անօրինական գործողությունների արդյունքում է իրենց աշխատանքից ազատել, մի մասին էլ նկատողության արժանացրել:

Անօրինական համարելով ընկերության հավելյալ ատեստավորում անցկացնելու պահանջը՝ 19 աշխատակիցներ չեն ներկայացել՝ հիմնավորելով, թե ամիսներ առաջ արդեն իսկ անցել են այն:

«Ատեստավորում անցել ենք մայիսի 29-ին, հետո նորից մեկ ամիս անց եկավ ծանուցում, որ մասնակցելու եք ատեստավորման օգոստոսի 8-ին», - ասաց աշխատակիցներից մեկը:

«Ես ատեստացիան անցել եմ, բավարար պատասխանել եմ իրենց տված բոլոր հարցերին: Բավարար չէ, լավ: Ինչի՞ համար ես նորից գնամ Երևան: Անօրինական եմ համարել, չեմ գնացել: Դրա համար մենք գրավոր պատասխանել ենք: Որին հաջորդել ա նկատողությունը», - նշեց ընկերության մեկ այլ աշխատակից:

Արդյունքում տասնինն էլ ստացել են խիստ նկատողություն: Իսկ վերահսկողության ծառայության 5 աշխատակիցները մասնակցել են ատեստավորմանը, ինչին սակայն հաջորդել է ծանուցումը՝ աշխատանքից ազատվելու մասին՝ հիմնավորմամբ, թե չեն համապատասխանում աշխատանքին:

Ընկերության Լոռիի տեղամասի շուրջ հինգ տասնյակ աշխատակիցներ մտավախություն ունեն, թե ընկերությունը նման քայլերով փորձում է փոխել աշխատակազմը: Անգամ տեղամասում թափուր աշխատատեղերի հայտարարությունների են հանդիպել:

Խիստ նկատողությունները չեղարկելու պահանջով 19 աշխատակիցները դիմել են դատարան: Իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դատարան են դիմել նաև ազատված 5 աշխատակիցները և տեղամասի տնօրենը:

Նրանց շահերը պաշտպանող փաստաբան Հակոբ Ճարոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ընկերության վարած քաղաքականությունը հակասում է ինչպես Աշխատանքային օրենսգրքին, այնպես էլ ընկերության ներքին իրավական ակտերին․ - ««Վեոլիա ջուր»-ը ընդունել է ներքին իրավական ակտ, որը վերաբերում է ատեստացիային, որտեղ կա ատեստացիայի երկու տարբերակ՝ հիմնական, դա վերաբերում է աշխատողը պետք է առնվազն երկու տարի աշխատած լինի, որ հիմնական ատեստացիա անեն: Եվ կա արտահերթ, որը նշանակում է, որ կա՛մ անձն է դիմում՝ իմ նկատմամբ արեք ատեստացիա, կա՛մ անմիջական ղեկավարը: Ներկա պարագայում, քանի որ անձինք չէին դիմել, և իրենց անմիջական ղեկավարը չէր դիմել, իրենք հրաժարվեցին գնալ ատեստացիայի»:

Լոռի տեղամասի աշխատակիցները վճռական են տրամադրված, ասում են, որ բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու են իրենց իրավունքները պաշտպանելու համար․ - «Մենք ընդամենը պաշտպանում ենք մեր իրավունքները: Մենք չենք բոյկոտում, մենք չենք ուզում հիմնարկ քանդենք, չենք քանդի: Բայց եթե իրանք մտածում են, որ էսքան մարդու կարան հացից զրկեն, ընտանիքի մեջ ինչ-որ խոչընդոտ ստեղծեն․․․ Էսօր իրանք քանդում են մի հատ 52 հոգանող հիմնարկ»:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ չի շտապում պարզաբանում ներկայացնել: Ընկերության մամուլի ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցը դեռևս քննարկվում է, առաջիկայում հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ: