Թուրքիայում ձերբակալված գերմանացիներից մեկը ազատ է արձակվել

Թուրքիայում իրավապաշտպանների հետապնդումների դեմ բողոքի ակցիա Եվրոպայում, արխիվ

Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել Գերմանիայի քաղաքացիներից մեկին, ում ձերբակալությունը Բեռլինը քաղաքական էր համարում: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը:

Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ ազատ արձակվածը, ում անունը իր իսկ խնդրանքով չի հրապարակվում, առայժմ իրավունք չունի լքելու Թուրքիայի տարածքը:

Բրոյլը նշել է, որ ներկայումս Թուրքիայում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Գերմանիայի 9 քաղաքացի կա՝ այդ թվում լրագրողներ Դենիզ Յուչելը և Մեսալ Թոլուն, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են «ահաբեկչություն քարոզելու» մեջ:

Անցյալ շաբաթ թուրքական դատարանը չբացակայելու ստորագրությամբ կալանքից ազատ է արձակել ևս մեկ գերմանացու՝ Պետեր Շտոյդներին, ու յոթ այլ իրավապաշտպանների: