Պուտինը մասնակցեց ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կմասնակցի ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:

Արարողությանը մասնակցել է Ռուսաստանի նախագահը: Նա, մասնավորապես, ասել է․ - «Կատարվածի հստակ և միանշանակ գնահատականը թույլ է տալիս խուսափել այս մռայլ իրադարձությունների կրկնությունից»:

«Վշտի պատ» կոչվող հուշահամալիրի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

«Մոսկվայի կենտրոնում կայանալիք այսօրվա արարողությանը մասնակցելու է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը», - հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խորհրդային շրջանի մի շարք հայտնի այլախոհներ, սակայն, հանդես են եկել բաց նամակով՝ նման հուշակոթողի բացումը ցինիզմ որակելով:

«Իշխանությունների երեսպաշտությանն աջակցելը անբարոյականություն է: Չի կարելի մասնակցել մի իշխանության կազմակերպած միջոցառումներին, որն իբր ցավում է խորհրդային վարչակազմի զոհերի մասին, բայց իրականում շարունակում է քաղաքական բռնաճնշումները և սահմանափակում է քաղաքացիական ազատությունները երկրում», - նշված է նախկին խորհրդային հանրապետություններ ներկայացնող շուրջ չորս տասնյակ այլախոհների` Kasparov.ru կայքում հրապարակված բաց նամակում:

Ուղերձի հեղինակների թվում են Վլադիմիր Բուկովսկին, Մուստաֆա Ջեմիլևը, Ալեքսանդր Պոդրաբինեկը, Վարդան Հարությունյանը, Լևկո Լուկյանենկոն, Դավիթ Բերձենիշվիլին: