Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են ընթանում

Թբիլիսի, 21-ը հոկտեմբերի, 2017 թ․

Վրաստանում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քվեարկության մասնակիցներն ընտրում են 64 շրջանային խորհուրդների՝ սակրեբուլոների 2058 պատգամավորներ, ինչպես նաև 5 քաղաքի և 59 շրջանի ղեկավարներ:

Քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին: Վրաստանի ԿԸՀ-ի համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 22 կուսակցություն, 5 ընտրական դաշինք և մեկ նախաձեռնող խումբ: Ամենամեծ դաշինքը 3 կուսակցություն միավորող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է:

Քաղաքապետի ընտրություններում հաղթող է համարվում 50 տոկոսի շեմը հատած թեկնածուն: Եթե չկան այդքան քվեներ ստացած ուժեր, ԿԸՀ-ն հայտարարում է ընտրությունների երկրորդ փուլ: Թբիլիսիի քաղաքապետի աթոռի համար պայքարը թերևս ամենաթեժն է: Հարցումները վկայում են, որ մեծ են իշխանական թեկնածուի՝ նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի հաղթանակի շանսերը: Նրա հիմնական մրցակիցը նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության թեկնածու, նախկին հեռուստահաղորդավար Զաալ Ուդումաշվիլին է:

Վրաստանի ՏԻՄ ընտրությունների բավականաչափ լարված քարոզարշավն ավարտվել է հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած զինված միջադեպով: Մառնեուլիի շրջանի Կիզիլաջլո գյուղում անհայտ զինված անձինք հարձակվել էին «Վրացական երազանք» իշխող կուսակցության շտաբի վրա, որի հետևանքով 5 մարդ էր տուժել: Իրավապահներն առայժմ չեն հայտնում հարձակման հեղինակների անուններն ու միջադեպի դրդապատճառները: Քննությունը շարունակվում է: