«Շատ կարևոր ենք համարում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը և այդ երևույթի գնահատական տալը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն առաջարկում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև օրերս խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպը։ Երեկ «Ելք»-ը հետաձգեց հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը, գործը քվեարկության չհասավ։
«Այնտեղ կային առաջարկներ, իրավական և տեխնիկական հարցեր, որոնց փոփոխության դեպքում անգամ պետք էր հետաձգելը և ապա նորից այդ հարցով նիստ հրավիրելը։ Այդ առումով, այո՛, մենք դեմ չէինք հետաձգել և վերանայել որոշակի փոփոխություններ, եթե դա հնարավորություն կտա Հանրապետական կուսակցությանն այդ հանձնաժողովը ստեղծելու համար կողմ քվեարկել։ Որովհետև ակնհայտ է, որ նրանք մեծամասնություն են, և դեմ լինելու պարագայում այն չի ստեղծվի», - ասաց Թանդիլյանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀԿ-ն չի գնա հանձնաժողով ստեղծելու քայլին, այն տեսքով, որը «Ելք»-ն է ներկայացրել։
«Որովհետև դա կլինի նախադեպ, որ ընդդիմադիր խմբակցությունը կարողանում է ստեղծել հանձնաժողով, որը քննության է առնում դեպքեր», - ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե ինչ փոփոխության կենթարկեն և որ առաջարկները կընդունեն, այդ հանձնաժողովը խոչընդոտներ կունենա։