Վրաստանի խորհրդարանն այսօր կքննարկի սահմանադրական փոփոխություններին նախագահի առարկությունները

Վրաստանի խորհրդարանի նիստ, արխիվ

Վրաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Սահմանադրության բարեփոխումների շուրջ նախագահի ներկայացրած առարկությունները:

Շաբաթվա սկզբին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, թե վետո է դնում նախագծի վրա և ետ է ուղարկում այն խորհրդարան՝ մի շարք հարցերում լրացումներ կատարելու համար:

Նախագահը, մասնավորապես, պահանջում է վերացնել դրույթը, որով արգելվում է նախընտրական դաշինքների ձևավորումը խորհրդարանական ընտրություններում, առաջարկում է 2020 թվականից արդեն անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև ուժի մեջ թողնել նախագահի համաժողովրդական ընտրության մոդելը. նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ ընտրիչների 300-հոգանոց կոլեգիային:

Գիորգի Մարգվելաշվիլիի այս պահանջներին միացել են ընդդիմադիր շուրջ երկու տասնյակ կուսակցություններ։ Ավելի վաղ վիճահարույց մի շարք դրույթների շուրջ դիտողություն էր ներկայացրել նաև Վենետիկի հանձնաժողովը:

Իշխող «Վրացական երազանք»-ը, մինչդեռ, փոխզիջումների գնալու որևէ նշան ցույց չի տալիս:

«Այս քայլով Մարգվելաշվիլին կորցրեց վերջին հնարավորությունը՝ իր դրական ներդրումն ունենալ սահմանադրական բարեփոխումների գործընթացում, որը հավանության է արժանացել Վրաստանի հասարակության կողմից», - հայտարարեց «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած ուժն ընդգծում է, որ բավարար թվով ձայներ ունի՝ նոր Սահմանադրությունն առանց նախագահի աջակցության անցկացնելու համար:

Օրենքով, մասնավորապես, նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է 113 քվե, այն դեպքում, երբ իշխող կուսակցությունն այժմ 115-ն ունի:

Չնայած դրան, ընդդիմությունը պնդում է, թե մոբիլիզացնելու է ուժերը, և փողոցային պայքար է սկսելու՝ Մայր օրենքի անընդունելի փոփոխությունները տապալելու համար:

«Ընդդիմությունը թույլ չի տա, որ ռուս օլիգարխի կողմից Վրաստանում բռնապետական վարչակազմ հաստատվի», - հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան: