Ռախոյ. «Իսպանիայի մասնատումը բացառվում է»

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ, արխիվ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պնդում է, որ պաշտոնական Մադրիդը կանի ամեն ինչ՝ երկրի մասնատումը բացառելու համար:

Կատալոնիայում կայացած անկախության հանրաքվեից մեկ շաբաթ անց Ռախոյը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում նշել է․ - «Իսպանիայի մասնատումը բացառվում է: Մեր երկիրը չի մասնատվի, և մեզ կհաջողվի պահպանել ազգային միասնությունը: Մենք օրենքի շրջանակներում ցանկացած քայլի կդիմենք՝ երկրի միասնականությունն ապահովելու համար»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայն է տվել Իսպանիայից երկրամասի անկախացման օգտին: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 42 տոկոսը:

Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարում:

Սպասվում է, որ այսօր Կատալոնիայի ղեկավարները հայտարարությամբ հանդես կգան հանրաքվեի արդյունքներով: