«Գլենդել Հիլզ» ընկերության սնանկացումից ու լուծարումից հետո Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ չգիտեն՝ ումի՞ց պահանջեն իրենց տնամերձ հողատարածքների վերադարձը:
Ժամանակին գյուղացիներն իրենց տնամերձ հողատարածքներն առքուվաճառքի պայմանագրով հանձնել են «Գլենդել Հիլզին», ինչի դիմաց կազմակերպությանը պարատավորվել է 270 օրվա ընթացքում այդ հողատարածքներում բնակելի տուն կառուցել ու հանձնել պետությանը, որն էլ, իր հերթին, դրանք պետք է տրամադրեր հողատարածք հանձնած ընտանիքներին:
Պայմանագրային ժամկետները մի քանի անգամ լրացել են, ինչից հետո գյուղացիների հետ ամեն տարի նոր պայմանագրեր են կնքվել, սակայն «Գլենդել Հիլզն» այդպես էլ իրեն հանձնված տարածքներում որևէ բնակելի տուն չի կառուցել: Խաբված գյուղացիներից շատերը մինչև այսօր անգամ տեղյակ չեն, որ ընկերությունը լուծարվել է: Ոմանք այդ մասին նոր են իմացել ու հիմա չգիտեն, թե ումից և ինչպես պահանջեն իրենց հողատարածքների փաստաթղթերը: «Հող ունենք, բայց մերը չէ, օդից կախված է»,- «Ազատության» հետ զրուցում ասում են անորոշության մեջ հայտնված ջաջուռցիները:
Շիրակի մարզի 19 գյուղական համայնքներում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված 170 ընտանիքներից 34-ը «Գլենդել Հիլզի» հետ հողի նվիրաբերման պայմանագիր է կնքել: «Ազատության» հարցին՝ այժմ, երբ «Գլենդել Հիլզը» լուծարված է, ինչպե՞ս է լուծվելու պայմանագիր կնքած ընտանիքների հողատարածքների հարցը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը պատասխանեց՝ քննարկվում է երկու տարբերակ․ կամ նվիրաբերված հողատարածնքերը կվերադարձվեն գյուղացիներին, կամ էլ հարցը պետք է կարգավորվի «դատական ճանապարհով»:
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հաջորդ տարվա բյուջեի նախագծով գումար նախատեսված չէ: Թե երբ ու ինչ տարբերակով կլուծվի 29 տարի բնակարանի սպասող մարդկանց խնդիրը, տակավին պարզ չէ: