«Կիպրոսի օֆշորի» գործով մեղադրյալը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Գործարար Աշոտ Սուքիասյանը դատարանի դահլիճում, արխիվ

Դատարանն այսօր «Կիպրոսի օֆշորի գործով» մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց չարամտորեն խուսափելու համար:

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը վճռել է նաև 8 միլիարդ 919 միլիոն դրամ բռնագանձել՝ հօգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի:

Հիշեցնենք, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի անունով։ Նրա խոսքով՝ ստացված գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցվել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Փայլակ Հայրապետյանը պնդում էր նաև, որ իր ունեզրկման մեղավորները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են։ Վկա Արփի Բալյանը, ով Աշոտ Սուքիասյանի ընկերություններից մեկում հաշվապահ է աշխատել, դատարանում ասել էր, որ կիպրոսյան փաստաթղթերի մեջ տեսել է Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի անձնագրերի պատճենները։

Սուքիասյանը դատարանում հերքել էր օֆշորում գրանցված ընկերությունների միջոցով փողերի լվացման մեղադրանքը և իր անմիջական կապը նախկին վարչապետի և բարձրաստիճան հոգևորականի հետ: Նրա պնդմամբ՝ առանց Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, նրանց կիպրոսյան օֆշորային ընկերության բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները։ Կիպրոսյան օֆշորի այս գործը, որը 33 հատորից էր բաղկացած քննվում էր ավելի քան չորս տարի։

Աշոտ Սուքիասյանն այսօր դատարանում հայտարարել է, որ մեղքը չի ընդունում: Նրա փաստաբանը Յուրիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վճիռը բողոքարկելու են:

«Ի սկզբանե ուղղորդված գործ էր, ապացույցները ճանաչելու մասին մեր ոչ մի միջնորդություն չի ընդունվել»,- պնդեց փաստաբանը՝ հավելելով, որ «մինչև վերջին ատյան պայքարելու են Սուքիասյանի արդարացման համար»: