Դատարանն առանց քննության թողեց Անդրիաս Ղուկասյանի գրեթե բոլոր միջնորդությունները

Ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

«Վկաներից մեկը ոստիկանության գործակալ է, իսկ մյուսն առհասարակ դեպքի վայրում չի եղել»: Այսօրվա դատական նիստին միաժամանակ մի քանի տասնյակ միջնորդություններ ներկայացնելով՝ նման պնդում արեց ծանր քրեական մեղադրանքներով ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

Նա պահանջեց վերծանել իր դեմ ցուցմունք տված երկու վկաների՝ Արտակ Մկրտչյանի և Գեղամ Սահակյանի հեռախոսային խոսակցությունները, քանի որ դրանք, ըստ ամբաստանյալի, կարևոր հանգամանքներ կբացահայտեն: Ղուկասյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2016 թ․ հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Այսօր դատարանում նա պնդեց՝ վկա Արտակ Մկրտչյանը չէր կարող լսել, թե ինքն իբր կոչ է արել՝ ոստիկաններին հարվածելու համար քարեր հավաքել:

Ինչ վերաբերում է գործով մյուս վկա Գեղամ Սահակյանին, Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանում ասաց, թե խորը կասկածներ ունի, որ վերջինս գործում հայտնվել է բացառապես ոստիկանության շահերը պաշտպանելու համար: «Մենք էլի պնդում ենք, որ նա գործակալ է եղել, և կարծում եմ՝ այդ հանգամանքը գնահատելու համար կարևոր է, որ դատարանը ձեռքի տակ ունենա այդ կապը հերքող կամ հիմնավորող ապացույցներ»,- ասաց պաշտպանը:

Ի դեպ, ավելի վաղ կայացած նիստերից մեկի ժամանակ Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր, որ գործով ցուցմունք տվողներից ոմանք հոգեկան հիվանդություններ ունեն, ինչը պաշտոնապես փաստված է: Այսօր փաստաբաններն ընդգծեցին՝ խոսքը հենց վերը նշված երկու վկաների մասին է:

Դատախազ Պետրոս Պետորսյանը տրամաբանությունից զուրկ համարեց այդ վկաների հեռախոսային խոսակցությունների վերծանման մասին միջնորդությունները՝ խնդրելով մերժել դրանք: Դատավորն առանց քննության թողեց նշված միջնորդությունները՝ ասելով, թե «դրանք վաղաժամկետ են»: Պաշտպանական կողմի ներկայացրած մեկ տասնյակից ավելի միջնորդությունների մեծ մասը ևս դատարանի կողմից չքննվեցին, հիմնականում նույն հիմնավորմամբ:

Անկարգություններ կազմակերպելուց բացի, Ղուկասյանին ավելի ուշ առաջադրվեց նաև ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձ կատարելու մեղադրանք: Այս մասով ևս պաշտպանական կողմն այսօր միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով գործով ներգրավված 36 տուժողներից 11-ին հանել այդ ցանկից: Փաստաբաններ Պետրոսյանն ու Մեժլումյանը պնդեցին՝ Անդրիաս Ղուկասյանին վերագրվում է հուլիսի 17-ից սկսած ամեն ինչ, մինչդեռ այդ ժամանակ նա «անգամ փողոցում չի եղել»:

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությանը, դատավորն էլ մերժեց այն: Պաշտպանական կողմի ներկայացրած մի քանի միջնորդություն դատարանն այսօր, այդուհանդերձ, բավարարեց՝ թույլ տալով գործում որպես վկա ներգրավել Եղիշե Պետրոսյանին և Լևոն Բաղդասարյանին, ովքեր, Ղուկասյանի պնդմամբ՝ հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ միշտ եղել են իր կողքին և կարող են հօգուտ իրեն վկայություն տալ: Հաջորդ նիստին մեղադրող դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը: