Կվիրիկաշվիլին առաջարկում է պատրաստել Հայաստանի և Վրաստանի համատեղ տուրփաթեթներ

Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների գործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաև տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

ԱԺ նախագահը ասել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջև ձևավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները: Նա ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը՝ որպես լավ օրինակ նշելով Աջարիայի և Լոռու մարզի միջև կապերը: Այնուամենայնիվ, Բաբլոյանն արձանագրել է, որ առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում:

ԱԺ նախագահը կարևորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական և առավել նախընտրելի ճանապարհն է:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Նա երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ Վրաստանի վարչապետի, հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ:

Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:

Հիշեցնենք, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպել է Վրաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքի հետ, նախատեսվում է հանդիպում նաև երկրի արտգործնախարարի հետ: