Րաֆֆի Հովհաննիսյան․ Հանրապետականի միակուսակցական համակարգը Հայաստանը տանում է կործանման

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում ընդդիմադիր ուժերին համախմբվել, որովհետև, իր բնորոշմամբ, երկրում հաստատված Հանրապետականի (ՀՀԿ) միակուսակցական համակարգը Հայաստանը տանում է կործանման:

«Բոլորս գիտենք, որ մենք չունենք իրավակարգ, լեգիտիմ իշխանություն, չենք ունեցել երկար, երկար տարիներ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացու համար: Ես ասում եմ, որ եթե այդ կուսակցատիրությունը, մենատիրությունը շարունակվի, դա լինելու է կործանարար մեր ապագայի համար», - ասաց Հովհաննիսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ:

«Հայաստան-Սփյուռք համաժողով են հրավիրում՝ շատ լավ են անում, բայց հետո խոսում են արդար Հայաստանի մասին, արտագաղթի մասին՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, ոչ մեկը չի վեր կենում ասում, որ, «այո՛, ես՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ նախագահ, ով այսպես վարվեց նախորդ ընտրություններում, բայց, բոլոր դեպքերում, փաստացի, դե ֆակտո պատասխանատվություն եմ կրում, ես եմ նաև պատճառը արտագաղթի»», - շեշտեց ընդդիմադիր կուսակցության առաջնորդը՝ շարունակելով․ - «Կարծում եմ, առաջին հերթին կործանարար կլինի մեր երկրի համար, իր իսկ սերունդների համար, եթե ինքը չունի այդ հեռատեսությունը, այդ պետական մտածողությունը: Եթե ինքը իր մասնակցությունը հիմա՝ այսքան վիճահարույց անցյալից հետո, պիտի չբերի, որ Հայաստանը վերջապես դառնա ոչ թե սերժապետություն կամ կուսակցապետություն, այլ՝ Հայաստանի Հանրապետություն, ուրեմն՝ իր բարի կամքին պիտի չսպասենք»:

«Ուրեմն, ժողովուրդը եթե ուզում է փոփոխություն, եթե պատրաստ է «ոտքի կանգնելու, ակտիվ լինելու, իր ճակատագիրը տնօրինելու», ես կարծում եմ, որ կառաջանան «Ժառանգության» հետ մեկտեղ տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ, հոսանքներ, որոնք կհասկանան, որ մենք միայնակ ոչ մի բան չենք կարող անել՝ ոչ մեկը փրկիչ չէ, ոչ մեկը փրկարար չէ, բայց եթե Հայաստանի ժողովուրդը՝ քաղաքական, գործարար, պաշտոնեական, մտավորական, երիտասարդական հոսանքներով գան մի խաչմերուկի, մի հատման տեղի, մենք, կարծում եմ, որ մոտ ապագայում կունենանք թե՛ ընտրական, թե՛ ոչ-ընտրական մի քանի շատ առանցքային հնարավորություններ՝ մեր երկիրը վերջապես վերափոխելու դեպի հանրապետություն», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի սեպտեմբերի 24-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․