ԱՄՆ կոնգրեսականը այցելել է Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալըդեյոն Լեռնային Ղարաբաղում, լուսանկարը՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, Կալիֆորնիայից ընտրված հանրապետական օրենսդիր Դեյվիդ Վալըդեյոն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա կառավարության պաշտոնյաների և Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ ծանոթացել է HALO Trust կազմակերպության ականազերծման ծրագրերին, որոնց ֆինանսավորմանը նպաստել է որպես Ներկայացուցիչների պալատի առաջատար անդամ: Այդ մասին հաղորդում է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը:

Հաղորդագրությունում նշված է, որ երկու շաբաթ առաջ Վալըդեյոն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում HALO Trust-ի ականազերծման աշխատանքներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության կոչ անող օրենսդրական լրացում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է՝ որպես 2018 թվականի արտաքին օգնության հատկացումների մաս:

Հայ դատի գրասենյակը նշում է, որ այս օրերին Հայաստան է ժամանելու ամերիկացի կոնգրեսականների պատվիրակություն՝ սեպտեմբերի 21-ին նշելու երկրի Անկախության տոնը և քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական ու քաղաքական համագործակցության ընդլայնման ուղիները: Պատվիրակությունում Դեյվիդ Վալըդեյոյից բացի ընդգրկված կլինեն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահներ Ջեքի Սփայերը և Ֆրենկ Փալոնը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները: