Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացը ողջունել է խաղաղապահների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը

Արևելյան Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քուրթ Վոքեր

Արևելյան Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը «առաջընթաց» է որակել տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու՝ Ռուսաստանի առաջարկը, բայց նախազգուշացրել է, որ Մոսկվայի առաջարկած ծրագրում դեռևս բազմաթիվ «խոչընդոտներ» կան:

«Շատ հետաքրքիր է, որ Ռուսաստանն առաջարկել է ՄԱԿ-ի պաշտպանից առաքելություն․․․ Սա առաջընթաց է թեման բարձրացնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու առումով», - նախօրեին Կիևում անցկացվող ամենամյա Յալթայի Եվրոպական ռազմավարության կոնֆերանսի ժամանակ նշել է Քուրթ Վոքերը: - «Սա նշանակում է, որ բանակցային սեղանին ավելի շատ նյութ կա, որի շուրջ կարելի է քննարկում ծավալել»:

ԱՄՆ բանագնացը, այդուհանդերձ, շեշտել է, որ ՄԱԿ-ի ուժերի տեղակայումը չպետք է «խորացնի մասնատվածությունը» Ուկրաինայում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության դերը պետք է լինի Ուկրաինայում խաղաղության հաստատումը, ոչ թե, իր բնութագրմամբ՝ «Ռուսաստանի օկուպացիան ամրապնդելը»: Նա հավելել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է վերահսկողություն սահմանի հակամարտության ողջ տարածքի նկատմամբ, այդ թվում՝ անջատականների տիրապետության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների և Ռուսաստանի սահմանի երկայնքով, քանի որ, Կիևի պնդմամբ, հենց այդ սահմաններն են օգտագործվում անջատականներին ռուսական զենք ու աջակցություն տրամադրելու համար: