Թրամփը և Պորոշենկոն հաջորդ շաբաթ կքննարկեն Դոնբասում ստեղծված կացությունը

Պյոտր Պորոշենկո և Դոնալդ Թրամփ, 20-ը հունիսի, 2017 թ․, Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում ստեղծված կացությունը գալիք հինգշաբթի քննարկելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով՝ Պորոշենկոն Թրամփի հետ կքննարկի նաև Ուկրաինայում ծավալված բարեփոխումներին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող օժանդակության հարցը:

Թրամփը և Պորոշենկոն հանդիպելու են Նյու Յորքում` ՄԱԿ-ի 72-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: «Պորոշենկոյից բացի Թրամփը ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում մտադիր է հանդիպել նաև Թուրքիայի և Աֆղանստանի նախագահների հետ»,- ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը: