«Կասինի»-ի վերջին ժամերը

«Կասինի»-ն Սատուրնի և նրա գոտու միջև, պատկերը՝ NASA-ի

Այսօր Երևանի ժամանակով ժամը 15:54 միջմոլորակային «Կասինի» (Cassini) հետազոտական ապարատը ընկղմվելու է Սատուրնի մթնոլորտի մեջ և ամբողջովին այրվելով վերանալու է տիեզերքում ընդամենը մեկ-երկու րոպեի ընթացքում, սակայն մինչև վերջին պահը նրա անտենաները ուղղված կլինեն դեպի Երկիր մոլորակ՝ Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի գիտնականներին փոխանցելով Սատուրնի մթնոլորտից քաղած վերջին ազդանշանները:

«Կասինի»-ի տիեզերական առաքելությունը տևեց ուղիղ 20 տարի: Միջմոլորակային ավտոմատ կառավարման տիեզերանավը ճամփորդությունը սկսել էր 1997 թվականին: Յոթ տարի անց՝ 2004-ին «Կասինի»-ն հասել էր էլիպսաձև գոտի կրող հանելուկային Սատուրն մոլորակ: Ավելի քան 12 տարի ապարատը պտտվել է գազային հսկա Սատուրնի շուրջ, անցնելով նաև մոլորակի և նրա գոտու արանքով, ուսումնասիրել է մթնոլորտը, լուսանկարներ ու ինֆորմացիա ուղարկել Երկիր:

«Կասինի»-ն ուսումնասիրել է նաև Սատուրնի բազմաթիվ արբանյակները, որ Լուսնի նման պտտվում են մոլորակի շուրջը: Տիտան արբանյակը իր խառնարաններով նման է Լուսնին, իսկ Էնցելադուս արբանյակում կյանքի նշաններ կան՝ սառցե հաստ շերտերով հսկայական օվկիանոս:

NASA-ի գիտնականները երեկվա ասուլիսում հայտարարեցին «Կասինի»-ի առաքելության ավարտի մասին: NASA-ի մոլորակագիտության բաժնի տնօրեն դոկտոր Ջեյմս Գրինի խոսքով՝ «Կասինի»-ն ցույց տվեց, թե որքան կարևոր են Էնցելադուսն ու Տիտանը: «Եվս մեկ պոտենցիալ բնակեցված աշխարհ, որտեղ հնարավոր է՝ կյանք կա, ոչ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում», - ասաց նա:

«Կասինի» ծրագրի մենջեր Էրըլ Մեյզը հայտարարեց․ - «Մենք չենք նայելու, թե «Կասինի»-ն ինչպես է այրվում: Մենք կհետևենք ռադիոկառավարվող սարքավորումներին, որտեղ ազդանշանը աստիճանաբար կնվազի ու կանհետանա: Առաքելությունը կավարտվի գուցե երկու, բայց կարծում եմ՝ մեկ րոպեի ընթացքում»: