Նալբանդյանն ընդունել է Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակների գլխավորած պատվիրակությանը

Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

Իսրայելցի խորհրդարանականները հայտնել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նալբանդյանը նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծելով գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։